Jump to content

Ստեփանոս Օրբելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստեփանոս Օրբելյան
Ծնվել է1250
Մահացել է1303
ԳերեզմանՆորավանք
Մասնագիտությունպատմաբան
Գործունեության ոլորտպատմություն
Պաշտոն(ներ)Մետրոպոլիտ
Ալմա մատերԳլաձորի համալսարան
ՀայրՏարսայիճ Օրբելյան

Ստեփանոս Օրբելյան (մոտավորապես 1250 - 1303), հայ պատմագիր, աստվածաբան, բանաստեղծ, կրոնական և քաղաքական գործիչ, արքեպիսկոպոս։ Սյունիքի մետրոպոլիտ (1287-1303)։

Տարսայիճ Օրբելյանի որդին, Օրբելյանների իշխանական տոհմից։

Կյանք ու գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սուրբ Կարապետ եկեղեցու ճակատային մասը

Սերվում է Օրբելյանների իշխանական տոհմից։ Հայրը՝ Սյունիքի Իշխանաց իշխան, հայոց և վրաց Աթաբեկ Տարսայիճ Օրբելյանն էր։ Մանուկ հասակում որդեգրվում է հորեղբոր՝ Սյունիքի գահերեց իշխան Սմբատի կողմից, կրթություն է ստանում Տաթևի վանքում, հավանաբար նաև Գլաձորի համալսարանում։ 1273 թվականին, Սմբատ Օրբելյանի մահվանից հետո, Տարսայիճ Օրբելյանի ընտանիքը տեղափոխվում է Վայոց ձորի իշխանանիստ Եղեգիս գյուղաքաղաքը։ Ստեփանոս Օրբելյանը ուսումը շարունակում է Ամաղուի Նորավանքի դպրոցում, կարգվում դպիր, սարկավագ, կուսակրոն քահանա (1280 թ)։ 1285 թվականին, երբ հայրը՝ Տարսայիճ Օրբելյանը, դառնում է Սյունիքի իշխան, արդեն վարդապետական գավազան ստացած Ստեփանոս Օրբելյանը ուղարկվում է Կիլիկյան Հայաստան՝ Հայոց կաթողիկոսից եպիսկոպոս օծվելու և Սյունյաց մետրոպոլիտ կարգվելու համար։ Ձեռնադրվում է եպիսկոպոս և Սյունյաց մետրոպոլիտ՝ Հայոց կաթողիկոս Կոստանդին Բ Կատուկեցու կողմից Հռոմկլայում և 1287 թվականին վերադառնում է Սյունիք։ Հոր աջակցությամբ միավորում է Սյունյաց՝ Տաթևի ու Նորավանքի առաջնորդությունների երկփեղկված թեմը և այն ենթարկում իր հոգևոր իշխանությանը՝ «մի առաջնորդ և մի իշխեցող» նշանաբանով։

Ստեփանոս Օրբելյանը մոնղոլ իշխաններ Արղունից (1284–91), Քեյղաթուից (1291–95) և Ղազանից (1295–1304) ձեռք է բերում Սյունյաց հոգևոր կենտրոնների և եկեղեցականների ապահարկության վիճակը հաստատող արտոնագրեր։ Սյունյաց մետրոպոլիտն իր իշխանական ժառանգաբաժնից առատ նվիրատվություններ է կատարում Սյունյաց նահանգի գրչության և կրթական կենտրոններին, օգնում է Գլաձորի համալսարանի բարգավաճմանը, աջակցում է դասախոսներին և ուսանողներին, ընդօրինակել տալիս մի շարք ձեռագրեր, այդ թվում՝ Ավետարաններ, մեկնողական, պատմական երկեր։ Կարգավորում է Սյունյաց մետրոպոլիտության վարչատնտեսական խնդիրները, ծավալում շինարարական գործունեություն՝ հիմնովին վերակառուցելով Տաթևի վանքը (1297 թ.)։ Եղել է Հայ եկեղեցու ուղղափառության ու ավանդության, նրա ինքնուրույնության մեծ գաղափարախոսներից ու պաշտպաններից, արևելյան վարդապետների հետ պայքար մղել Հռոմի կաթոլիկ եկեղեցու հետ միավորվելու փորձերի, Հայ եկեղեցում ծիսադավանական նորամուծությունների, Կիլիկյան Հայաստանում մեծ ազդեցություն ձեռք բերած լատինամետ հոսանքի և քաղկեդոնականության դեմ։ 1297 թվականին հրավիրում է եկեղեցական ժողով, որը մերժում է Հայ եկեղեցու դավանանքի ու ծեսերի մեջ նորամուծություններ մտցնելու և Հռոմի պապի գերիշխանությունն ընդունելու՝ կաթողիկոս Գրիգոր Է Անավարզեցու պաշտոնական առաջարկը։

Մահացել է 1303 թվականին[1]։ Ամփոփված է Նորավանքի Օրբելյանների տոհմական գերեզմանատանը։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեփանոս Օրբելյանը պատմական և դավանական բնույթի երկերի և թղթերի, ինչպես նաև պոեմի հեղինակ է։ Ամենահայտնի գործը «Պատմութիւն նահանգին Սիսական» կամ «Պատմութիւն տանն Սիսական» (1297) աշխատությունն է, որտեղ ներկայացվում է Սյունյաց աշխարհի եկեղեցական և քաղաքական ամբողջական պատմությունն ու աշխարհագրությունը։ Աշխատությունը հիմնված է ոչ միայն հայ և օտար պատմիչների երկերի, այլև վավերագրերի վրա (Հայոց թագավորների և Սյունյաց իշխանների, Հայոց կաթողիկոսների և Սյունյաց եպիսկոպոսների նամակներ, հրովարտակներ, կալվածագրեր, ընծայագրեր, վիմական արձանագրություններ)։ Երկը ժամանակագրական առումով ընդգրկում է Հայոց թագավոր Տրդատ Ա-ից մինչև XIII դ. վերջի իրադարձությունները։ Առավել արժեքավոր են Պատմության այն հատվածները, որոնք հեղինակը շարադրել է իբրև ականատես։ Երկում շարադրված է Սյունյաց նախարարության առաջացման, Հայաստանի կյանքում նրա խաղացած դերի, Սյունիքում քրիստոնեության տարածման, Սյունյաց եպիսկոպոսության, վանքերի հոգևոր-մշակութային, տնտեսական և քաղաքական կյանքի, գրչության կենտրոնների, վարդապետարանների, Օրբելյան իշխանական տան պատմությունը։ Կազմել է Սյունիքի նախարարների, եպիսկոպոսների, ինչպես նաև Հայոց կաթողիկոսների ժամանակագրությունները։ Պատմության մեջ է զետեղել Գրիգոր Է Անավարզեցուն ուղղված արևելյան վարդապետների, Սյունյաց նախարարների ու հոգևորականների ստորագրությամբ վավերացված իր գրած թուղթը, որտեղ Հայոց կաթողիկոսին խորհուրդ է տրվում «անթերի պահել երեք աստվածագումար ժողովների, սուրբ Գրիգորի և նրա որդիների ու թոռների հավատքի սահմանը», ազգ-եկեղեցական ժողովների կանոնները, հայոց ավանդություններն ու ծիսադավանական ուղղափառ սկզբունքները, հորդորել հետ կանգնել Հայ եկեղեցում նոր կարգեր ներմուծելու մտադրությունից։ Բացի այս` նրա ջանքերով մեզ է հասել Տաթևի, Վանեվանի, Մաքենյաց վանքի և Նորավանքի վիմագիր արձանագրությունները, որոնցից շատերն այժմ ոչնչացած են կամ անընթեռնելի։

«Պատմութիւն նահանգին Սիսական»-ը առաջին անգամ հրատարակվել է Կ. Շահնազարյանի կողմից՝ 1859 թ.-ին, Փարիզում։ Ռուսերեն թարգմանությունը և հրատարակությունը կատարվել է Մ. Էմինի կողմից 1861 թ., Մոսկվայում (նոր ձեռագրերի համեմատությամբ ու հակիրճ ծանոթագրություններով)։ Մ. Բրոսսեի թարգմանությամբ տպագրվել է ֆրանսերեն (հ. 1, 2, 1864, 1866), հատվածաբար՝ նաև վրացերեն։ Աշխարհաբար թարգմանվել է 1986 թ. Ա. Աբրահամյանի կողմից[2]։

Ստեփանոս Օրբելյանը հեղինակ է նաև մեկ այլ պատմական երկի «Ժամանակագրության», որի հեղինակային պատկանելության հարցը երկար ժամանակ քննարկվում էր[3]։

Խաչատուր Կեչառեցու խնդրանքով գրում է «Ողբ ի Ս․ Կաթուղիկէն» (1299) պոեմը՝ նվիրված Էջմիածնի՝ որպես հոգևոր կենտրոնի կորսված փառքին։ Երկում զգացվում է Ներսես Դ Կլայեցու (Շնորհալի) «Ողբ Եդեսիոյ»-ի ազգեցությունը։

Ստեփանոս Օրբելյան դավանաբանական բնույթի ամենահայտնի գործը «Հակաճառութիւն ընդդէմ երկաբնակաց» (1302) ծավալուն երկասիրությունն է։ Բաղկացած է 12 գլուխներից կամ ձեռնարկներից, որոնք նվիրված են քաղկեդոնականների (երկաբնակների) և աղանդավորների ուսմունքների հերքումներին, Քրիստոսի բնությունների, մարմնի անապականության, Պատարագի «Երգ Երեքսրբենի» սրբասացությունում «խաչեցար»-ի հավելման, Ս. Ծնունդն ու Մկրտությունը միասին տոնելու և ծիսական խնդիրներին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Ստեփանոս Օրբելյան», Գ. Մ. Գրիգորյան, «Պատմա-բանասիրական հանդես», 1976, թիվ 4, էջ 156
  2. Ստեփանոս Օրբելյան, Սյունիքի պատմություն, Երևան, 1986
  3. Բաղդասարյան, Է Մ (1971 թ․ օգոստոսի 3). «XIII դարի ժամանակագրության հեղինակի մասին». Պատմա-բանասիրական հանդես. № 2: 210–216.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 139
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստեփանոս Օրբելյան» հոդվածին։